Զորի Բալայան > Անատոլի Յուսին. "ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՆ ՈՒՆԻ ԻՐ ԱՌԱԳԱՍՏԱՆԱՎԸ"

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՆ ՈՒՆԻ ԻՐ ԱՌԱԳԱՍՏԱՆԱՎԸ
Երբ շրջապատում մեզ անվանում են ընկերներ, ես բազմանշանակալից ժպտում եմ, որովհետև Զորին ինձ միշտ "եղբայր" է անվանել։ Կարծես ողջ կյանքում նրա կողքին եմ եղել, չէ՞ որ ծանոթ ենք արդեն մոտ 50 տարի։ 1963 թվականի սեպտեմբերին ես, մի քանի տարի Կամչատկայում աշխատելուց հետո, թռչում էի Մոսկվա, իսկ Զորի Բալայնն այդ նույն ինքնաթիռով թերակղզի էր եկել մայրցամաքից։ Նայելով նրան, ես այն ժամանակ մտածեցի. "Ախ, ի՜նչ դժվար է լինելու այս ջերմասեր կովկասցու համար այս սառնամանիքային հողի վրա"…Իսկ անձնապես ծանոթացանք մեկ տարի անց, երբ Մոսկվայում զանգեց ինձ անծանոթ մի մարդ և ասաց. "Տխուր լուր ունեմ. մահացել է իմ, լավ գիտեմ, նաև ձեր ընկեր Բորյա Դուբրովինը՝ "Կամչատսկի կոմսոմոլեց" թերթի խմբագիրը։ Վաղը մարմինը դագաղով բերում եմ Մոսկվա։ Հուսով եմ մենք կհանդիպենք օդանավակայանում։ Իմ անունն է Զորի Բալայան"։ Ընդհանուր վիշտը մտերմացրեց մեզ ողջ կյանքում։ Կամչատկա կամ Երևան գործուղվելու ժամանակ ես հյուրընկալվում էի Զորիի մոտ։ Գալով Մոսկվա, Զորին միշտ իմ տանն էր կանգ առնում։ Մի անգամ նա իմ հեռախոսով զանգեց ակադեմիկոս Անդրեյ Սախարովին։ Իսկ հետո մենք այցելեցինք հալածյալ ակադեմիկոսին։ Ի դեպ, այդ այցելությունից հետո ինձ անցկացրին "սև ցուցակ", և երկու տարով չմեկնելու ստորագրություն վերցրին… Դա 1970 թվականին էր։ Եվ հիշում եմ, թե որքան երկար ու հանգամանալից էր Զորին պատմում հռչակավոր ակադեմիկոսին իր Ղարաբաղի ճակատագրի մասին։
Մեզ, իհարկե, միավորում էին սպորտը, ժուռնալիստիկան և անկրկնելի Կամչատկան։ 1980 թվականին Երևանում, երբ հյուր էի եկել նրան, մեր զրույցը ձայնագրեցի ժապավենի վրա։ Հիշում եմ, ես նրան հարցրեցի՝ իսկ ինչո՞ւ Կամչատկան։ Եվ նա պատասխանեց. "Դա դեռևս առաջին դասարանից է սկսվել ինձ մոտ, երբ նստում էի վերջին նստարանին, որը "Կամչատկա" էին անվանում" Հիշում եմ նրա կրքոտ պատմությունն այն մասին, թե ինչպես էր հանձնաժողովից բառացիորեն պահանջել իրեն աշխատանքի նշանակում տալ այդ հրաբխային թերակղզի։ "Մայրցամաքում շունչս արդեն կտրվում է,-ասել էր նա։- Ես մտածել եմ ապագայի մասին։ Ես կարողանում եմ աշխատել միայն ապագայի համար։ Կամչատկան ինձ կվերածնի։ Դրանք միայն հրաբուխներն ու հեյզերները չեն։ Դա հեռավորությունն է։ Հասնել այնտեղ՝ արդեն նշանակում է ճամփորդություն կատարել։ Ես կարող եմ ապրել առանց կինոյի և ասֆալտի, բայց չեմ կարող առանց իմ նկատմամբ հավատի։ Ես ընդառաջ եմ ելում ապագային ու անհայտությանը, որն ինձ հայտնի է թվում։ Ողջ կյանքում աշխատել եմ երազանք իրագործելով։ Այլոց համար աննկատ, ի դեպ, ինձ համար՝ նույնպես։ Չէ՞ որ մենք չենք նկատում օդը, առանց որի չի կարելի ապրել։ Ուղարկեք ինձ Կամչատկա…
Հիմա ես գիտեմ այդ հրաբխային երկրի համը։ Տեսել եմ այն, քայլել նրա վրայով, զգացել այն ամբողջովին։ Այդ թերակղզում, որը մեկուկես անգամ մեծ է Իտալիայից, ութսունհինգ անգամ մեծ՝ իմ Լեռնային Ղարաբաղից, չկա մի գյուղակ, մի որսորդական տնակ, նախրապահի միայնակ մի չում, որտեղ եղած չլինեմ…"։
Մենք հիմա ծանոթացանք ամենայուրահատուկ մարդկանցից մեկի մենախոսության հատվածներին, մարդ, որը կարողացել է իր մեջ կրել տասնյակ շնորհներ։ Թվարկեմ միայն նրանք, որ ամենից վառն են։
Զորի Բալայան. կրթությամբ և կոչումով բժիշկ, պաշտոնով՝ "Լիտերատուրնայա գազետա" թերթի սեփական թղթակից, ԽՍՀՄ Գրողների միության անդամ, ԽՍՀՄ Սպորտի վարպետ ջրամոտորային մարզաձևում, Սպորտի վարպետ և Համամիութենական կարգի մրցավար, ճանապարհորդ, որ երկրում տասնյակ հազարավոր կիլոմետրեր է կտրել նավակներով, իսկ շնասահնակներով անցում կատարել Պետրոպավլովսկից մինչև Սառուցյալ օվկիանոսի ափեր, գծանկարիչ, որն ինքն է պատկերազարդում սեփական գրքերը։ Մեր ընդհանուր բարեկամներից ու ծանոթներից շատերը լրջորեն նրան համարում են մեծ հեռազգաց Վոլֆ Մեսսինգի աշակերտ, երկրամասագետ՝ Ծայր Հյուսիսի փոքր ազգությունների կյանքի վերաբերյալ հետազոտությունների հեղինակ, ժուռնալիստ, որն ավելի քան հինգ հարյուր ակնարկներ է հրապարակել կենտրոնական և տեղական թերթերի էջերում, կինեմատոգրաֆիստ, որի սցենարներով երեք ֆիլմ է նկարահանվել, երեք զավակների հայր…
Ճանապարհորդի աշխատասենյակը Երևանում՝ Կամչատկայում ունեցածի ճիշտ պատճենն է Հիշեցնում է թանգարան. պատերից մեկի երկայնքով ձգված է ձկնորսական ցանց, որի բաց հատվածներում կախված են Ավաչինյան ծովախորշի ծովաստղեր, արքայական ծովախեցգետիններ, Անտարկտիդայի ափերի մոտ ինչ-որ մեկի հարպունահարած կետոսկր, Հնդկական օվկիանոսում ինչ-որ մեկի որսած շնաձկան ծնոտ։ Առաստաղին ջահի փոխարեն կախված է հսկայական ապակե գունդ՝ ձկնորսանավի լողափուքս։ Սենյակի կենտրոնում՝ երկու սեղան։ Յուրաքանչյուրի վրա՝ մեկ գրամեքենա։
-Ինչո՞ւ են մեքենաները երկուսը,-զարմացած հարցրեցի Զորիին։
-Ես հիմա մի ինչ-որ երկակի կյանքով եմ ապրում։ Ամեն օր պետք է գրեմ Հայաստանի մասին։ Բայց նաև պարտք, նույնիսկ պարտքեր ունեմ Կամչատկայի առջև։ Այնտեղ բնանկարները սարյանականներից տարբերվում են նրանով, որ Հյուսիսում արևն ավելի սառն է։ Մեծ նկարիչը դա զգացել էր։ Ինչ-որ ժամանակ մեր նավամատյանում նա գրառում է կատարել. "…Մաղթում եմ շատ արև"։Հայաստանում ես տեսնում եմ վեհափառ սարեր՝ ձյունաճերմակ կատարներով։ Կամչատկայում էլ տասը տարի նայել եմ դրանց։ Բայց Հայաստանում քառասուն աստիճան ջերմության պայմաններում ընդերքից խփող աղբյուրները սառցահամ են։ Իսկ այնտեղ, Երևանից տասներկու հազար կիլոմետր հեռավորության վրա, քառասուն աստիճան սառնամանիքին շատրվանեց ահռելի, եռման մի հեյզեր, որն այդպես էլ անվանեցին՝ "Հսկա"։
-Ինչպե՞ս ես հասցնում։
-Ամեն օր գրում եմ։ Գիշերն էլ եմ գրում Հաճախ արթնանում եմ առավոտյան ժամը հինգին, մարզանք կատարում, Սեն-Սիմոնի ծառայի հայտնի կոչը՝ "Արթնացե՛ք կոմս, ձեզ սպասում են մեծամեծ գործեր", վերափոխելով, քթիս տակ փնթփնթում. "Արթնացի՛ր, երկիրն արդեն լի է գործ անողներով"։ Եթե Երևանում ժամը հինգն է, նշանակում է Կամչատկայում արդեն ժամը տասներեքն է։ Աշխատանքային օրը եռքի մեջ է։ Ջանում եմ ապրել և՛ Երևանի ժամանակով, և՛ Կամչատկայի։ "Երկփեղկվելու" համար ուժերս դեռ բավականացնում են։ Առավոտյան գիրք-հաշվետվություն եմ գրում շնասահնակներով թերակղզում կատարած ճամփորդության մասին։ Երեկոյան նստում եմ մյուս գրամեքենայի առջև,որի գլանիկում "Իմ պապը կանգնած է կտրում հացը" գրքիս էջերն են։ Դա վիպակ է Լեռնային Ղարաբաղի, հայրենիքի, պապիս մասին, որը փոխարինել է հորս։
Ես հպանցիկ հիշատակեցի Վոլֆ Մեսսինգին։ Մինչդեռ ականատես եմ եղել նրանց հիրավի մեծ բարեկամությանը։ Բավական է ասել, որ հաճախ էինք Մոսկվայում այցելում Վոլֆ Գրիգորևիչին, և ես տեսնում էի, թե ինչպես է նա վերաբերվում Զորիին։ Ավելացնեմ նաև, որ Մեսսինգը երկրորդ անգամ հյուրախաղերի մեկնեց Կամչատկա բացառապես Զորիի խնդրանքով։
Իր տանը Մեսսինգը խոստովանեց, որ երբ Կամչատկայում կամավորներ էր հրավիրում բեմ, արդեն հաստատ գիտեր, որ ահռելի դահլիճից բարձրանալու է հենց Զորին, որին ինքը ակնդետ հետևում էր։ Ավելին, Մեսսինգը պատմեց, որ ամբողջ այդ ժամանակ իր վրա զգում էր Զորիի ազդեցությունը։ Խոստովանեց նաև, որ ինչ-որ պահի ցանկացել է, որ վերջինս նույնիսկ հեռանա դահլիճից։ Ավելի ուշ նրանք երկար զրուցել են դեմ առ դեմ։ Ինձ հայտնի է նրանց մեծ խոսակցության մասին այն թեմայով, որ չի կարելի լուսանկարով նույնիսկ կռահելու փորձ կատարել՝ մարդը ողջ է, թե՞ մեռած։ Մեսսինգը նաև շատ բարձր էր գնահատում ճամփորդությունների հանդեպ Զորիի կիրքը։ Նա ասում էր, որ դա Աստծո շնորհ է։
Ես արդեն չեմ խոսում, թե որքան բարձր էր գնահատում և սիրում Մեսսինգին Զորին։ Երբ հեռախոսով հայտնեցի նրա մահվան մասին, պարզորոշ զգացի, որ արտասվում է։
Զորի Բալայանը թերակղզում որպես բժիշկ աշխատեց ավելի քան տասը տարի։ "Կամչատսկի կոմսոմոլեց" թերթում տպագրեց իր առաջին բանաստեղծությունները, հոդվածներն ու պատմվածքները, սեփական նկարազարդումներով։ Նա դարձավ նույն թերթի "Էստաֆետա" անունը կրող հավելվածի հիմնադիրն ու առաջին խմբագիրը։ Պատահել է, որ մի ամբողջ համար, սկզբից մինչև վերջ, լույս է տեսել նրա հոդվածներով, երբեմն էլ տասնյակ հոդվածներով ու նյութերով՝ տարբեր թեմաներով։ Ավելի ուշ նրա "Բժշկի գրառումները" հայտնվեցին "Մեդիցինսկայա գազետա", "Լիտերատուրնայա գազետա", "Սովետսկի սպորտ", "Կոմսոմոլսկայա պրավդա" թերթերում, կենտրոնական ամսագրերում։ Լույս տեսան մի քանի գրքեր հայերեն, ռուսերեն, անգլերեն և այլ լեզուներով։
-Ինչպե՞ս էր ամեն ինչի համար ժամանակդ հերիքում,--հարց եմ ուղղում նրան։-Բժշկություն, սպորտ, ճանապարհորդություններ, գրական աշխատանք։ -Երբ աշխատում էի Կամչատկայում,-ժպտում է Զորին,- ազատ ժամանակ քիչ էր մնում։ Այն ժամանակ դեռ ամուսնացած չէի։ Օրն ամբողջովին իմ տնօրինության տակ էր։ Գալիս էի տուն ձյունահողմի միջով, երկու քայլ այն կողմ բան չի երևում։ Վստահաբար կարող եմ ասել, որ քաղաքակրթությունը ստեղծվել է ձնաբքերի միջև ընկած դադարներում։ Տանը ամեն երեկո պարտադիր ստիպում էի ինձ գրի առնել օրվա տպավորությունները։ Օրինակ, խոսակցությունը, որ լսել էի դիսպանսերի ընդունարանում։ "Ես տանը մի կարմիր լոլիկ ունեմ։ Արդեն հինգ օր պահպանում եմ"։ "Իսկ ես՝ թարմ վարունգ"։ "Եկ փոխանակենք"։ "Քանի՞ օրով"։ Գրամեքենայով այս երկխոսությունը տպելուց հետո ներքևում նշեցի. "Սա Կամչատկան է"։ Հենց այդպես էլ վերնագրեցի առաջին հրապարակումս "Լիտերատուրնայա գազետա" թերթում 1968 թվականի հոկտեմբերի 9-ին։
Մենք կանգնած ենք ահռելի "Խորհրդային Միության ֆիզիկական քարտեզի" առջև։ Կողքին երկու կիսագնդերը ներկայացնող քարտեզն է կախված։ Դրա վրա հաստ գծով նշված են երթուղիներ որոնցով արդեն անցել են, և նրանք, որոնք դեռևս սպասում են իրենց հաղթահարողներին։
Քարտեզի և կիսագնդերի վրա նշված է աշխարհաշուրջի երթուղի։ Հարցնում եմ.
-Սա ի՞նչ է։
-Իսկ դա երազանք է։ Գլխավորն այն է, որ ես երազում եմ։ Չէ՞ որ ճիշտ են ասում, թե խղճալի է նա, ով չի երազել և չի երազում։
Պատահական չէր, եթե չասենք՝ խիստ օրինաչափ էր, որ հենց Զորիի ձեռքն ընկան արխիվային անգին փաստաթղթեր։ Նա փնտրում էր և գտավ նյութեր այն մասին, թե ինչպես 1922-1923 թվականների ձմռանը կարմիրբանակայինների մի փոքրիկ խումբ շնասահնակներով հաղթահարեց Կամչատկայի և Չուկոտկայի տունդրաները։ Քսան երիտասարդ տղաներ, բաժանվելով երկու խմբի, ողջ թերակղզին անցան դեպի հյուսիս, դեպի Բերինգի նեղուց։ Ավելի քան երկու հազար վերստ։ Գնում էին մարտերով և գնում էին մարտի։ Գնում էին, չենթադրելով, թե իրենց վիճակված է ավարտել Քաղաքացիական պատերազմը։
Ահա այսպիսի անգին գանձ հայտնվեց Բալայանի ձեռքին։ Նրա տեղացի բարեկամը՝ ուսուցիչ և պատմագետ Միխայիլ Պորֆիրևիչ Ստելնիխը առաջարկեց Զորի Հայկովիչին այդ արխիվային տվյալների հիման վրա գիրք գրել պատանի մարտիկների մասին, որոնցից շատերը առաջին անգամ սափրվեցին վերջին մարտում հնչած վերջին կրակոցից հետո։
Հավանաբար մեկ ուրիշ գրող, եթե հայտնվեր Բալայանի տեղում, կհամաձայներ այդ առաջարկին, շնորհակալ կլիներ և գիրք կստեղծեր, իսկ հետո գուցեև սցենար…
Բայց Զորին, նախքան պատասխանատու գործ ձեռնարկելը, որոշեց ինքը վերապրել թեկուզ մի փոքր մասը նրանից, ինչ վերապրել էին նրանք՝ 20-րդ դարի մարդիկ։ Այդպես ավելի ազնիվ էր։ Դա, ես կասեի՝ բալայանական վերաբերմունք էր։
Արշավին նախապատրաստվելու ընթացքում Զորին շատ անգամներ եկավ Մոսկվա։ Կանգ էր առնում բացառապես ինձ մոտ։ Ես լավատեղյակ էի, թե որքան մտածված է նա անձնակազմ հավաքում, ինչ ահռելի կազմակերպչական աշխատանք է կատարում, և ինչպես միշտ, հասնում է իր ուզածին։
1972 թվականի հոկտեմբերի 29-ին, չորս ճանապարհորդներ, որոնց մեջ էր Խաղաղօվկիանոսյան նավատորմի նավաստի Նիկիտա Միխալկովը, տաք վերնազգեստներ հագած, մեկնարկեցին Պետրոպավլովսկ-Կամչատսկի այն նույն փողոցից, որտեղ 50 տարի առաջ 25-ամյա հրամանատար Գրիգորի Չուբարովի հրամանով կարմիրբանակայինները տեղավորվեցին շնասահնակներում և ճանապարհ ընկան։ Եվ ահա նրա "Սառցե ուղի" գիրքը տեղ է գտել երկերի ութ հատորանոց ժողովածուի չորրորդ հատորում։ Ճիշտ է, ես մեծապես կասկածում եմ, որ նրա բոլոր ստեղծագործությունները կտեղավորվեն այդ հատորներում։
Իսկ հիմա Բալայանի աշխատասենյակում կախված երկրի քարտեզի այլ գծերի մասին։ Գտնում ենք մի գիծ, որ ձգվում է Խաղաղ օվկիանոսի արևելյան մասից՝ մեր երկրի գետերով, լճերով և ծովերով մինչև Ատլանտյան ավազան։ Հենց դա էլ հայտնի երթուղին է, անդրմայրացամաքային երեսունմեկ հազար կիլոմետր երկարությամբ անցումը՝ մոտորանավակներով։
1965 թվականին ավտոբուսի չորս վարորդներ, կամչատկացի ճանապարհորդներ Վիկտոր Ցարյովը, Անատոլի Գավրիլինը, Վալենտին և Անատոլի Սալնիկովները ինքնաշեն նավակներով անօրինակ անցում կատարեցին Խաղաղ օվկիանոսի ափերից մինչև Մոսկվա՝ Ռուսաստանի ներքին ջրային երակներով։ Մոսկվայում Վիկտոր Ցարյովը և Վալենտին Սալնիկովը հրաժարվեցին արշավանքը շարունակելուց։ Երկու տարի շարունակ երկու Անատոլիներն իրենց փոխարինողներ էին փնտրում, չիմանալով որ Կամչատկայում կա մի մարդ, որն իր երկու արձակուրդների ընթացքում, Սիբիրում և Հեռավոր արևելքում աշխատող իր համակուրսեցի բժիշկների հետ հասցրել է լողալ համարյա բոլոր սիբիրյան գետերով։ Դա Զորի Բալայանն էր՝ բժիշկը Կամչատկայից։ Այդ ամենի մասին Զորին պատմում է "Երկնագույն ճանապարհներ" և իր մյուս գրքերում։ Երբ բոլոր երեքը ճակատագրի կամոք հանդիպեցին, Գավրիլինը և Սալնիկովը տեղեկացան Զորիի ծրագրերին՝ անցնել Հեռավոր Արևելքի, Սիբիրի և երկրի եվրոպական մասի գետերով, շարունակել Եվրոպայի գետերով մինչև Ատլանտիկայի ջրեր… Բայց դրանից առաջ անպայման փոքրիկ նավակներով հաղթահարել գործնականում համարյա ողջ Բալթիկ ծովը։ Այնտեղ Ատլանտիկայի ափերից պետք է սկսվեր ամենագլխավորը՝ անօրինակ աշխարհաշուրջը։ Այն մասին, թե ինչպես և ինչու ձախողվեց ԽՍՀՄ-ում առաջին նման նախագծի իրագործումը՝ "ԼԳ"-ի մասնակցությամբ, մանրամասն պատմվում է "Երկնագույն ճանապարհներ" գրքում։
Զորի Բալայանի հետ ծանոթանալու առաջին իսկ օրը Սալնիկովը և Գավրիլինը հասկացան, որ փոխվում է ճանապարհորդության ողջ ձևաչափը, որ դա արդեն հանգիստ չէ, և ոչ էլ ռոմանտիկ ժամանց։ Դա իսկական արշավ է, որը Զորի Բալայանն ըստ էության արդեն սկսել է։ Զորին գտնում էր, որ պետք է ավելի շատ պատմել արշավի մասին և պարբերաբար "Կամչատսկայա պրավդա" և "Կամչատսկի կոմսոմոլեց" թերթերին ուղարկում էր ռեպորտաժներ։ Միայն Աստծուն է հայտնի, թե ինչպես էր նա հասցնում այդ ամենն անել, գտնվելով դժվար ճանապարհների ծանր պայմաններում։ Այդ արշավում, որ պետք է ընդգրկեր ոչ միայն գետերը, այլև երկիրը, նա ձգտում էր ներգրավել "Լիտերատուրնայա գազետա", "Իզվեստիա" թերթերը և "Կատերա ի յախտի" ամսագիրը։ Ի դեպ, տղաներին հաճախ էին հարց տալիս՝ "Ինչո՞ւ գետերով"։ Առհասարակ այդ մասին է "Երկնագույն ճանապարհներ" գիրքը, որը Բալայանը նվիրում է իր զինակիցներին, դժվարին և առնական մարզաձևի՝ մարզանավակներով հեռավոր նավարկությունների հիմնադիրներին։
Չէ՞ որ աշխարհում գոյություն ունի մի ինչ-որ խելամիտ եսասիրություն՝ ծախսել, որպեսզի ձեռք բերել։ Ուրախությամբ և հպարտությամբ ցանկանում եմ ասել, որ ես բարեկամացա տղաների հետ։ Նրանք բոլորն, ըստ էության, այդ թվում և Զորին, դարձան նոր մարզաձևի հիմնադիրներ և ցուցադրեցին, որ համարյա ամենը, ինչ անում են. և՛ սպորտի, և՛ ճամփորդության, և՛ մարդկային բնավորության սինթեզը, նաև կարողություն է ճանաչելու ինքն իրեն, իր մեջ բացահայտելու այնպիսի բան, որի մասին երբեք չէր ենթադրել։ Դա աշխատանքն է։
Վաթսունական թվականներին Զորին երազում էր տիեզերքի մասին։ Ես ականատես եմ եղել Զորիի բարեկամությանը ԽՍՀՄ-ի ամենասիրված և ուրախ տիեզերագնացներից մեկի Պավել Պոպովիչի հետ։ Մեկ անգամ չէ, որ այցելել ենք Պավել Ռոմանովիչին Զվյոզդնի քաղաքում։ Եվ սակայն Զորիի համար ամենակարևորն էին ծովը և տունդրան։
Սպորտային հեռավոր նավարկությունները սպորտի գագաթնակետն են։ Կգա ժամանակ, երբ դրանք կանվանվեն քսանամարտ, երեսնամարտ կամ քառասնամարտ։ Ժամանակի հետ կհայտնվեն նաև սեփական ռեկորդները, սեփական նորմերը։ Ես երջանիկ եմ, որ անմիջական առնչություն ունեմ կամչատյան արգոնավորդների երգի ստեծմանը։ Եվ այդ մասին Զորին պատմել է իր գրքում։ Առանձնապես ինձ հոգեհարազատ է վերջին քառատողը.

Наш "Вулкан" и "Гейзер" по порядку
Ленты рек по глобусу прошли.
Ближе, чем далекая Камчатка,
На Земле не знали мы земли!

Մի քանի տարի պահանջվեց Զորի Բալայանից, որպեսզի լիակատար գիրք ստեղծի իր անդրցամաքային անցման մասին։ Սակայն այդ ընթացքում նա հասցրեց գրել բազմաթիվ ծանրակշիռ գրքեր՝ բոլորովին այլ թեմաներով։ Ահա այսպիսին է իմ ընկեր Զորի Բալայանը։

Անատոլի ՅՈՒՍԻՆ
ժուռնալիստ
"Ռուսաստանի լավագույն գրիչներ" մրցանակի դափնեկիր
պրոֆեսոր