Զորի Բալայան > Նորություններ > "ԳԻՐՔ, ՈՐԸ ԿԱՅԱՑԵԼ Է" |
ԳԻՐՔ, ՈՐԸ ԿԱՅԱՑԵԼ Է |
Ստեփանակերտ։ Վաղ առավոտ։ Հեռախոսազանգ։ Լսափողից հնչող ձայնը՝ տենորից անց, մոտ է բարիտոնին։ Լեզուն՝ ռուսերեն։ Մաքուր։ Առանց առոգանության։ Ակնհայտորեն հայ չէ։ Թեև հայրենակիցներիս մեծամասնությունը ռուսերեն խոսում է գործնականում առանց առոգանության։ Բայց սա բոլորովին այլ դեպք է։ Այստեղ երևում է, ավելի ճիշտ՝ լսվում է, որ ինձ հետ խոսում է ոչ թե պարզապես ռուսալեզու, այլ հենց ռուս մարդ։ Եվ չսխալվեցի։ Հեռախոսային հասցեատերը ներկայացավ՝ Վիկտոր Կոնապլյով։ -Ինձ ասել են ձեր մասին, և նույնիսկ բանաստեղծություններն են ցույց տվել,-ասացի ես։ -Ինչ լավ է հնչում՝ "բանաստեղծություններն են ցույց տվել",-պատասխանեց ձայնը հեռախոսից։- Ես ցանկանում էի ինքս հանդիպել ձեզ։ Պայմանավորվեցինք հանդիպման մասին։ Պահը որսալով, սկսեցի կարդալ հենց այն բանաստեղծությունը, որն ինձ ոչ թե պարզապես ցույց էր տվել, այլ հանձնել էր արցախյան հայտնի պոետ, գրականագետ, թարգմանիչ, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը։ Հենց իմ ընկեր Սոկրատն է թարգմանել Վիկտոր Կոնապլյովի բանաստեղծությունները։ Բերեմ դրանցից մեկի վերջը. Как возводились Гандзасар, Урек, Здесь каждая вершина, человек, На живописном Карабахском плато Тебе поведает, какую плату Платил Арцах за мир и честь свою, Как в прежние столетия молю; В дни радости и время непогоды Храни, Господь, Арцах с его народом! За пролитые пот его и кровь Наградой будет пусть Твоя Любовь! Хачкар умолк. Я под своей рубахой Биенье сердца ощутил Арцаха. Այստեղ կատարեմ հիրավի փոքրիկ քնարական շեղում։ Դրա համար առիթ հանդիսացավ "ռուբախա"-"Արցախա" հանգավորումը։ Կարելի է ասել՝ դա պատահել է հարյուր տարի առաջ։ Համենայն դեպս կես դար անցած կլինի։ 1963 թվականին։ Այդ մասին, չեմ թաքցնի, շատ անգամներ եմ գրել։ Կատարում էի, ինչպես առաջ էին ասում՝ սանիտարաբժշկական հանձնարարություն և Ուստ-Կամչատսկի շրջկենտրոնից երեք կիլոմետր հեռավորության վրա, դաժան սառնամանիքի պայմաններում սառույցի վրայով հատում էի Կամչատկա գետը։ Անցնում էի հանգիստ , սկզբում խոր ձյան միջով, ներքևում զգալով սառցե ամրությունը։ Դիմացի ափից ընդամենը երկու մետրի վրա միանգամից ասես դատարկության մեջ գլորվեցի։ Ես ոչ միայն ամբողջովին հայտնվեցի ջրի մեջ, այլև զգացի քշող հոսանքը։ Այդ դրաման կարճ չտևեց։ Ասեմ միայն, որ սառցակոն դարձած սողացի մինչև Ուստ-Կամչատսկի, որտեղ շրջանային հիվանդանոցի գործընկերներս ինձ փրկեցին մի ամբողջ լիտր մաքուր սպիրտի օգնությամբ (կեսից ավելին գնաց փայտացած մարմինս շփելու վրա։ Առավոտյան թեթև, գծավոր վերնազգեստով ելա հիվանդանոցի բակ՝ ավանդական մարզանքի։ Չնկատեցի, թե ինչպես էր բաց դարպասից ներս մտել մի ծերուկ՝ եղջերվի մուշտակաշապիկով, տաք փաթաթված գույնզգուն շալով, որը բոլորովին չէր բռնում մուշտակի հետ։ Կանգնեց կողքիս։ Ոչ առանց զարմանքի սկսեց զննել։ Ապա դողալով հարցրեց իր յուրահատուկ ռուսերենով. -Բարեկա՛մ, էս սառնամանիքին էդ որտեղի՞ց եկար էդպես շապկանց (այսինքն, հագիդ միայն "рубаха")։ -Из Карабаха,- առանց մտածելու պատասխանեցի ես ու բարձր քրքջացի։ Ծերուկը վերջնականապես համոզվեց, որ ծալս պակաս է։ Խեղճն ի՞նչ իմանար, թե ես տարվեցի հանգավորելով։ Ավելին, շուտով մի քառատող գրեցի ու կարդացի գործընկերներիս համար. -Էդպես տկլոր էդ որտեղի՞ց, Չե՞ս վախենում բուք-բորանից… -Օ՜, շատ հեռվից՝ Ղարաբաղից, Ուր վախ չկա ոչ մի բանից։ Ի դեպ, ես չգիտեի, որ իմ այդ պարծենկոտության պատճառով աչքս կպավ հենց իմ առողջությանը։ Երկու օր անց դեմքս ծռվեց. դիմային նյարդի բորբոքում՝ ֆացիալիս։ Եվ կես տարի շարունակ ամեն օր ներարկվում էի "Բ" խմբի տարբեր վիտամիններով։ Միակ մխիթարությունս այն էր, որ իմ զինանոցում ևս մեկ հանգ գտնվեց Ղարաբաղի համար։ Եվ ահա Ստեփանակերտում, Ղարաբաղ-Արցախի մայրաքաղաքում իմ հյուրն է մի ռուս երիտասարդ, որն իր շապկի տակ զգում է Արցախի սրտի տրոփյունը։ Ապշեցուցիչ է, չէ՞ որ սրտիս կպած "Ռուբախա" բառը նշանակում է ոչ միայն շապիկ, վերնաշապիկ, վերնազգեստ, այլև "իսկական տղամարդ", "լավ տղա"։ Սակայն Կամչատկայի հետ կապված պատմությանը այն ժամանակ ես չտեղեկացրի լավ տղային։ Վիկտորն ինձ բերել էր գրքի ձեռագիրը։ Բանաստեղծություններ, արձակ երկխոսություններ։ Ես, ինչպես դա ընդունված է, հեղինակի ներկայությամբ դանդաղ թերթում էի էջերի հաստ կապուկը, մտածելով, թե նա կհասկանա, որ նյութը ես ուշադիր կկարդամ, երբ մենակ մնամ ձեռագրի հետ։ Իսկ առայժմ ավելի շատ ցանկանում էի լսել հեղինակին։ Պարզվեց, որ նա հասցրել է ծայրեծայր անցնել համարյա ողջ Արցախը։ Գտել է բազմաթիվ ընկերներ։ Ինչ ասես արժե միայն այն փաստը, որ սիրով ու շռայլորեն նրան թարգմանել է ինքը՝ Սոկրատ Խանյանը։ Ավելի քան տասը հրատարակություններում տպագրվել են հարցազրույցներ և երկխոսություններ նրա հետ։ Բանաստեղծությունը, որի մի հատվածն եմ ներկայացրել նախաբանի սկզբում, պարզվում է, գրվել է վեց տարի առաջ։ Վիկտորն ահռելի թվով ընկերներ ունի Հայաստանում և Արցախում։ Իսկ ես այդ մասին ոչինչ չգիտեի։ Պարզվում է, նրա բանաստեղծություններից մեկը՝ "Любить Армению по-русски" անցնում են Հայաստանի դպրոցներում։ Նա ռուսերեն է թարգմանել Արցախի հիմնը, գրել է նովգորոդյան հայ համայնքի պատմությունը, հոդված է գրել Արցախի ճանաչման մասին։ Դրան նույնպես տեղյակ չէի։ Զարմանալու բան չկա. այդ բոլոր տարիներին ես նավարկում էի "Կիլիկիա" և "Արմենիա" առագաստանավերով։ Սակայն հիմա ինձ առաջին հերթին հետաքրքրում և հուզում է միայն նրա ձեռագիրը։ Հենց որ մենակ մնացի Կոնապլյովի ձեռագրի հետ, սկսեցի այնտեղ փնտրել տողեր, որ կարող էին խոսել սրտիդ հետ։ Չէ՞ որ պոետին գնահատելու համար երբեմն մեկ տողն էլ բավական է։ Մեկ պատկերը։ Մեկ համեմատությունը։ Հայտնի է, որ Հենրիխ Հայնեն մի ինչ-որ առիթով ուրախ նկատել է. "Առաջինը, ով կնոջը համեմատեց ծաղկի հետ, մեծ պոետ էր, բայց երկրորդը՝ արդեն տխմար"։ Իսկ այ, հարյուր տարի անց ինչ-որ մեկն էլ լրացրեց Հայնեին. "Առաջին արձակագիրը նա էր, ով կնոջը համեմատեց կնոջ հետ։ Ի մեծ ուրախություն, Վիկտոր Կոնապլյովի մոտ ես գտա բազմաթիվ տողեր, որ փնտրում էի. "Հայաստանի երկինքը իմ երրորդ աչքն է (տերմինը գիտական է, և ոչ միստիկական), "Հայաստանի երկինքը ժամանակների գիրքն է, որտեղ կարդացի ակունքների և իմաստների մասին"։ Կարծում եմ, Կոնապլյովը ճշգրիտ գտել է հայերի պատմական լավատեսության իմաստն ու էությունը."Հավատա, եղբայր իմ, հայ ազգը ողջ է, քանի դեռ նրա հետ են Քրիստոսի հավատքի միսն ու արյունը"։ Այս տողերը գտած պոետը դժվար թե մտածած լինի, թե ով և երբ քրիստոնեությունը բերեց Ռուսիա։ Նա ավելի շուտ զգում է Ռուսիայում ուղղափառ հավատքի ծննդի պատմության կապը Հայաստանի հետ։ Ի դեպ, Կոնապլյովը այդպես էլ գրում է. "Հողամերձ վիճակների ենթատեքստում Հայաստանը դժվար բնութագրելի է։ Այն գոյություն ունի զգացմունքների մակարդակի վրա"։ Սակայն գոյություն ունի նաև պատմական փաստերի "մակարդակ"։ Ահա միայն մեկ, հիրավի աստվածային օրինակ։ Քանզի հենց Աստծուն էր հաճո, որ Բյուզանդիայի ծագումով հայ կայսր Վասիլեուս (Բարսեղ) Երկրորդը իր հարազատ քույր Աննային կնության տար Ռուսիո իշխան Վլադիմիր Սվյատոսլավովիչին, թոռանը Կիևյան մեծ իշխան Իգորի և իշխանուհի Օլգայի, որն առաջինը քրիստոնեություն ընդունեց 957 թվականին։ Եվ լիովին, ինչպես վաղուց է ասված, փրկողաբար օրինաչափ է, որ հենց ռուս իշխան Վլադիմիրն ու իր հայ կին Աննան քրիստոնեությունը մտցրին Ռուսիա որպես պետական կրոն։ Քսանվեց տարի իշխեց քրիստոնեական Ռուսաստանում, և հենց այդ ժամանակ էր, ինչպես ընդգծում են պատմաբանները, որ "Ռուսական պետությունը մտավ իր ծաղկունքի շրջան"։ Կարծում եմ, պատահական չէր, որ մի ողջ հազարամյակ ռուսական շատ ու շատ պոետների և ընդհանրապես մշակութային գործիչների Հայաստանը ձգում էր դեպի իրեն։ Պատահական չէր նաև, որ ռուս մեծ գեղարվեստական և երաժշտական քննադատ, արվեստի պատմաբան, ազգային ոգին կրող Վլադիմիր Վասիլևիչ Ստասովը գրեց այն մասին, որ հայերը և վրացիները Ռուսաստան եկան ոչ դատարկ ձեռքերով, նկատի ունենալով առաջին հերթին ճարտարապետությունը և մշակույթը։ Կարդալով Կոնապլյովի ձեռագրերը, ես հիշեցի Ղարաբաղյան շարժման ամենաակտիվ գործիչներից մեկին՝ Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր Հրանտ Լևոնի Եպիսկոպոսովին։ ԽՍՀՄ-ի փլուզման և Ղարաբաղյան պատերազմի դրամատիկական պահին նա "Մոսկվայի համալսարանի հրատարակչությունում" տպագրեց մի անգին մենագրություն՝ "Հայաստանը մտքերում ու սրտերում"։ Այնտեղ բերված են համաշխարհային գրականության, արվեստի, գիտության հարյուրավոր ականավոր գործիչների անուններ, որոնք իրենց անկեղծ զգացմունքներն են արտահայտում Հայաստանի ու հայերի մասին։ Նրանց մեջ ամենից մեծ թիվ են կազմում թերևս ռուս պոետներն ու գրողները։ Եվ ահա իմ սեղանին է ևս մեկ ռուս գրողի և պոետի ապագա գիրքը։ Գիրք Հայաստանի մասին, որն ըստ հեղինակի "անսահման է և համապարփակ իր "սև խոռոչներով" և աստղաբույլերով, միայն թե, ի տարբերություն տիեզերականի, այնտեղ չկան անօդ տարածքներ։ Գիրքը հայերի մասին է, որոնք ըստ հեղինակի՝ "որպես պատմական իրողություն կայացել են նույնքան, որքան որ կայացել է բուն մարդկության պատմությունը"։ Ես կարծում եմ, որ կայացել է և Վիկտոր Կոնապլյովի գիրքը։ Զորի ԲԱԼԱՅԱՆ |
![]() ![]() ![]() |